Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրությունը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից (ՎՕՏ) մեկն է, որի ընթացքում արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով ստացված սաղմերը տեղափոխվում են մի կնոջ արգանդ, ով գենետիկ կապ չունի սաղմերի հետ։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս զույգերին, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հղիանալ և կրել հղիությունը, դառնալ ծնողներ։
Դասական փոխնակ մայրության դեպքում անպտուղ կնոջ ձվաբջիջները բեղմնավորվում են նրա զուգընկերոջ (կամ դոնորի) սերմնով, այնուհետև սաղմերը տեղափոխվում են փոխնակ մոր արգանդ։ Սա ԱՄԲ-ի ամենաբարդ ծրագրերից է, որը պահանջում է բժշկական, իրավական և բարոյական կողմերի բարձր համակարգում։ Ժամանակակից վերարտադրողական բժշկության շնորհիվ փոխնակ մայրությունը հնարավորություն է տվել մայրանալ կանանց, որոնց մոտ նախկինում անպտղությունը համարվում էր անբուժելի։
Որ դեպքերում է անհրաժեշտ փոխնակ մայրություն
Հիմնական ցուցումներն են.
- Արգանդի բացակայություն (բնածին՝ օրինակ Մայերի-Ռոկիտանսկի-Քյուստների համախտանիշ, կամ վիրահատական՝ հիստերէկտոմիա),
- Արգանդի կամ արգանդի վզիկի խանգարումներ, որոնք անհնարին են դարձնում հղիությունը,
- Արգանդի խոռոչում կպումներ, որոնք անհնար է բուժել,
- Ծանր սոմատիկ հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է (օրինակ՝ սրտի լուրջ խնդիրներ),
- Բազմաթիվ անհաջող ԱՄԲ փորձեր՝ լավ սաղմերի առկայության դեպքում։
Բժշկական փուլեր
Պետք եղած դեպքում՝ փոխնակ և գենետիկ մոր ցիկլերի սինխրոնիզացում,
- Փոխնակ մոր էնդոմետրիումի պատրաստում հորմոններով,
- Գենետիկ մոր (կամ դոնորի) ձվազատման խթանում,
- Ձվաբջիջների ստացում և բեղմնավորում ամուսնու կամ դոնորի սերմով,
- Սաղմերի աճեցում 3–5 օր,
- Սաղմերի տեղափոխում փոխնակ մոր արգանդ։
Սաղմերի քանակը որոշվում է ձվաբջիջ տրամադրած կնոջ տարիքի ու բժշկական պատմության հիման վրա։
Արդյունավետություն
Ծրագրի հաջողությունը կախված է ձվաբջիջների որակից և փոխնակ մոր էնդոմետրիումի վիճակից։ Դոնորական ձվաբջիջներ և առողջ փոխնակ մայր օգտագործելու դեպքում հղիանալու հավանականությունը կարող է հասնել մինչև 70–75%՝ յուրաքանչյուր տեղափոխության ժամանակ։
Ով կարող է լինել փոխնակ մայր
Փոխնակ մայր կարող է լինել՝
- Գենետիկ ծնողների հարազատ կամ մտերիմ ծանոթ,
- Կամ կինը, ով առաջարկում է ծառայությունն վճարովի հիմունքներով։
Հայաստանում և այլ երկրներում գոյություն ունեն հստակ օրենսդրական չափանիշներ․
Պահանջներ.
- 18–35 տարեկան,
- Առնվազն մեկ առողջ երեխա,
- Բժշկական քննությամբ հաստատված լավ ֆիզիկական և հոգեկան առողջություն։
Իրավական ասպեկտներ
Ծրագրից առաջ կնքվում է նոտարով հաստատված պայմանագիր՝ գենետիկ ծնողների և փոխնակ մոր միջև, որը ներառում է.
- Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները,
- Հատուցման պայմանները,
- Երեխայի ծնվելուց հետո գրանցման կարգը։
Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, օրենքով սահմանված կարգով կազմված պայմանագրի դեպքում գենետիկ ծնողները ճանաչվում են երեխայի իրավական ծնողներ։