Նախապատրաստում արտամարմնային բեղմնավորմանը (ԱՄԲ)
ԱՄԲ-ի նախապատրաստումը նույնքան կարևոր է, որքան բուժումը: Այն օգնում է գնահատել հաջողության հնարավորությունները, նվազեցնել ռիսկերը և շտկել հայտնաբերված խանգարումները մինչև բուժումը սկսելը։
Ձվարանային ռեզերվի գնահատում
Ձվարանների խթանմանն արձագանքը կանխատեսելու համար անհրաժեշտ է գնահատել ձվարանային ռեզերվը: Դրա համար օգտագործվում են՝
- արյան անալիզ՝ Ֆոլիկուլախթանիչ հորմոնի(ՖԽՀ) մակարդակի համար մենստրուալ ցիկլի սկզբում,
- անտրալ ֆոլիկուլների հաշվարկ ուլտրաձայնային հետազոտությամբ,
- անտիմյուլլերյան հորմոնի (AMH) մակարդակի գնահատում
Եթե ՖԽՀ-ի մակարդակը բարձր է, իսկ AMH-ը՝ ցածր, հնարավոր է, որ ձվարանային ռեզերվը ցածր է, ինչը կարող է նվազեցնել հաջող բեղմնավորման հավանականությունը։
Արգանդի և արգանդափողերի հետազոտություն
ԱՄԲ-ն սկսելուց առաջ անհրաժեշտ է բացառել արգանդի պաթոլոգիաները՝
- պոլիպներ,
- սինեխիաներ (կպումներ),
- միոմաներ, որոնք կարող են խանգարել սաղմի իմպլանտացիային։
Այսպիսի խնդիրները պահանջում են վիրահատական միջամտություն։
Հիդրոսալպինքսը (հեղուկի կուտակում արգանդափողում)
Կարող է բացասաբար ազդել սաղմի վրա և նվազեցնել հղիության հավանականությունը, ուստի նման դեպքերում անհրաժեշտ է վիրահատական հեռացում կամ փողի կապում։
Սերմնահեղուկի հետազոտություն
Տղամարդուն անհրաժեշտ է անցնել սպերմոգրամայի անալիզ։ Եթե հայտնաբերվում են խախտումներ, անհրաժեշտ է անդրոլոգի խորհրդատվություն։ Մասնագետը կորոշի՝ կարելի՞ է բարելավել որակը և արդյոք գոյություն ունեն թաքնված պատճառներ, այդ թվում՝ գենետիկական։
Օրինակ՝
- Y քրոմոսոմի դելեցիան կապված է ազոոսպերմիայի հետ,
- Սերմնատար խողովակների բացակայությամբ տղամարդիկ կարող են լինել մուկովիսցիդոզի մուտացիայի կրողներ։
Այս դեպքերում խորհուրդ է տրվում զույգի գենետիկական թեստավորում։
Պարտադիր անալիզներ
Երկու զուգընկերն էլ անցնում են վարակների հետազոտություն՝
- ՄԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտ B և C,
- բակտերիալ ֆլորայի և սեռավարակների համար անալիզ,
- անհրաժեշտության դեպքում՝ հորմոնային պրոֆիլ։
Լիարժեք հետազոտությունն օգնում է շտկել իրավիճակը մինչև խթանման փուլը։
Ինչն է բարձրացնում ԱՄԲ-ի հաջողության հնարավորությունը
Շատ բուժառուներ հարցնում են՝ ի՞նչ կարող ենք անել հաջողության հավանականությունը բարձրացնելու համար: Ահա հիմնական առաջարկները՝
1․ Ծխելուց հրաժարում
Նիկոտինը վատթարացնում է ձվաբջիջների և սերմնաբջիջների որակը։ Ծխելու հետևանքներն են՝
- ԱՄԲ-ի հաջողության հավանականության նվազեցում 50-70%-ով,
- հղիության կորուստի վտանգի մեծացում,
- ձվարանների խթանման վատ արձագանք։
Հետևաբար, ծխելուց ամբողջական հրաժարումը 3 ամիս առաջ բուժման մեկնարկից՝ պարտադիր պայման է։
2․ Թմրանյութերի և ոչ ցանկալի դեղամիջոցների բացառում
Թմրանյութերն ու չթույլատրված դեղամիջոցները կարող են առաջացնել անպտղություն և բացասաբար ազդել պտղի զարգացման վրա։ Բոլոր դեղամիջոցները, սննդային հավելումները և բուսական պատրաստուկները պետք է համաձայնեցվեն բժշկի հետ։
3️․ Քաշի վերահսկում Ավելորդ կամ պակաս քաշը կարող է ազդել բուժման արդյունավետության վրա։ Վերահսկվում է մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)՝
- ԱՄԲ-ի համար օպտիմալ ՄԶԻ-ն՝ 19-ից 30 կգ/մ²,
- Եթե ցուցանիշը դուրս է այդ միջակայքից, անհրաժեշտ է նախապես կարգավորել քաշը։
4️․ Առողջ սննդակարգ և կենսակերպ
- Սննդային հավասարակշռված ռեժիմ՝ հարուստ սպիտակուցներով, վիտամիններով և միկրոէլեմենտներով,
- Կոֆեինի սահմանափակում (ոչ ավելի, քան 1-2 բաժակ օրական),
- Ալկոհոլից լիակատար հրաժարում նախապատրաստման, խթանման և վաղ հղիության ընթացքում։
5️․ Ֆոլաթթվի ընդունում
Ամեն օր ընդունեք ֆոլաթթու 400 մկգ դեղաչափով բեղմնավորումից նվազագույնը 3 ամիս առաջ և առաջին եռամսյակում՝ պտղի նյարդային համակարգի արատները նվազեցնելու համար։
6️․ Կարմրախտի դեմ պատվաստում
Եթե հակամարմիններ չկան, անհրաժեշտ է պատվաստում ԱՄԲ-ի մեկնարկից առաջ, քանի որ կարմրախտը հղիության ընթացքում կարող է առաջացնել լսողական, տեսողական կամ զարգացման խնդիրներ պտղի մոտ։
7️․ Ֆիզիկական ակտիվություն
Խթանման ընթացքում խորհուրդ չեն տրվում ինտենսիվ մարզումները, սակայն չափավոր ֆիզիկական ակտիվությունը (20-30 րոպե, շաբաթական 3-4 անգամ) օգտակար է՝
- ընդհանուր ինքնազգացողությունը բարելավելու,
- նյութափոխանակությունը կարգավորելու,
- սթրեսը նվազեցնելու համար։
8️․ Քրոնիկ հիվանդությունների վերահսկում
Եթե ունեք շաքարային դիաբետ, հիպերտոնիա, աուտոիմուն կամ այլ հիվանդություններ, անհրաժեշտ է նախապես խորհրդակցել մասնագետի հետ՝ բուժման ընթացքը ճիշտ կազմակերպելու համար։